Բառի կործանումը…End of the Word

Բառը սկսել է նահանջել, խոսքի նահանջի հետ ամբողջ քաղաքակրթությունն է բռնել նահանջի ճամբան, որովհետև բառի աղավաղումով փլուզում է սպառնում համայն մշակոյթին: Այս պարագան ակնաբախորեն արտացոլում է վերջին քառորդ դարի գրականությունը, ուր հատկանշականը հասարակայնության մոլեգին թավալումն է դեպի անորոշ անդունդը, հաճախ անգիտակ իր թավալումին: Մարդը երբ կորցնում է բառը, ապա, ավելի լայն առումով, կորցնում է իր լինելու իրավունքը: Արդյունքը լինում է այն, որ նա շարունակ դեգերում է անանձնական մի իրականության մեջ, որը որևե առընչություն չունի ֆիզիքական ու հոգեկան իրականության հետ: Խոսքը անշուշտ չի վերաբերում Անդրե Բրեթոնի գերիրապաշտ աշխարհին, ուր գաղափարների ազատ հաղորդակցության միջոցով արվեստագետների ու իմաստասերների մի ամբողջ փաղանգ ջանաց թափանցել ենթագիտակցանի ծալքերը ու հասնել էութեան հիմնական ակունքին՝ անվարան ու անկեղծ: Նրանց մոտ խարդախություն չկար, շուկայիկ միտումներ չկային: Սակայն երբ այսօր դիտումնավոր կերպով շահագործվում է բառ-խորհրդանիշը, և այն նետվում հասարակության երեսին որպես արդիական նորարարություն, ահա այդտեղ է, որ տուժում է գրականությունը, հետևաբար և մարդկությունը: Հիմքում ճշմարտության գիտակցությունն է համամարդկային մշակույթի դարավոր արգասիքը: Երբ գրականությունը չունի այդ գիրակցությունը, այլևս հերոսները դառնում են հիվանդագին տիպարներ՝ պատրաստ հոշոտելու միմիանց հանուն մի պատառ հացի, մի շիշ գարեջրի, իսկ երբեմն էլ լոկ սպանելու համար: Այլ բան է կյանքը հարազատորեն ներկայացնելը, միանգամայն այլ բան՝ կյանքը պղտոր ոսպնյակով պատկերելը, այն տպավորությունը թողնելով, որ աշխարհը կանգնած է համընդհանուր գահավիժումի եզրին: Ավելի լայն առումով, խոսքի նահանջի բուն պատճառը նորից մեր սպառողական հասարկարգն է, որը շահադիտական նպատակներով զանգվածային արտադրանքի է վերածել մշակույթը, հոգեմտավոր արժեքների փոխարեն մարդուն ընձեռելով մեքենական անմիջական հաճույքներ…

The word is falling back and along with the phrase the entire civilization is retreating, because with the corruption of the word, the entire culture is threatened to demolish. This is vividly reflected in the literature of the past quarter of the century, where we can clearly observe the society’s out of control move deep into abyss… (Translation to be continued…)

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *